Рубрика: Պատմություն

«Այլընտրանքային պատմություն նախագիծ»|«Կրոններ» — «Համաշխարհային կրոններ» / Իմ ուսումնասիրությունները

Իմ կարծիքը «Կրոն, համաշխարհային կրոններ» թեմայի շուրջ

«Այլընտրանքային պատմություն» նախագծի շրջանակներում ընտրեցի «Կրոն/Համաշխարհային կրոններ» թեման, քանի որ, դեռ մանկուց ինձ հետաքրքրել է հավատքի և կրոնի գաղափարը: Մանկուց, ծնողներիս հետ հաճախել եմ Հայ Առաքելական եկեղեցի, մասնակցել եմ պատարագների, եկեղեցական ծիսակատարությունների, բայց միշտ ինչ որ պայքար է մեջս եղել, թե արդյոք սա է այն իրական և վեհ գաղափարը, որին պետք է հավատալ և այդ հավատքի ուժով ապրել: Նախկին դպրոցում անցնում էինք «Հայոց եկեղեցու պատմություն» դասաժամը, և ես գերազանց էի սովորում այն: Չորրորդ դասարանում սկսել էի ուսումնասիրել Բուդդիզմը (մայրիկիս հետ միասին), և ահա այդ ժամանակվանից սկսեցի մտածել, որ յուրաքանչյուր կրոն հատուկ է տվյալ տարածաշրջանի, տվյալ ազգի համար: Ինչու ենք մենք, կամ կաթոլիկներն ու ուղղափառները հավատում Հիսուս Քրիստոսին, սուրբ երրորդությանը, իսկ մուսուլմանները, բուդդիստները կամ հինդուիստները՝ այլ աստվածների կամ փիլիսոփայության: Եվ ամեն ազգի կրոն սազական և համապատասխան է տվյալ ազգին: Օրինակ՝ մենք չէինք կարող լինել բուդդիստ, որովհետև Բուդդիզմը փիլիսոփայություն է, իսկ մենք աստված պաշտող ազգ ենք: Նույն կերպ՝ մուսուլմանները չէին կարող քրիստոնյա լինել, որովհետև Իսլամը, որպես արաբական ցեղերին միավորելու միջոց, ստեղծվեց վեցերորդ դարում, երբ Քրիստոնեությունն արդեն կար, և ավելի խիստ կանոններով կրոն էր պետք, որպեսզի այդ ցեղերը միավորվեին:
Դեռ շատ տարիներ ունեմ, որպեսզի ուսումնասիրեմ և հետևություններ անեմ, թե ինչու և ինչպես են առաջացել այդ կրոնները հենց այդ տարածաշրջաններում, բայց մի բան եմ հասկանում, որ կրոնը, հատկապես պետական կրոնը ուժեղ գործիք է՝ մարդկանց հնազանդեցնելու, մեղավորության զգացումի մեջ միշտ պահելու համար: Բայց ամեն դեպքում, յուրաքանչյուր մարդու համար անհրաժեշտ է և կարևոր որևէ բանին հավատալը՝ լինի դա պետական կրոն, հավատալիք, թե փիլիսոփայական ուղղություն:

Համաշխարհային երեք կրոնները

Կրոն, հասարակական գիտակցության ձև, աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա:

Կրոնը կարելի է սահմանել նաև որպես

Մարդու և Աստծո միավորման մասին գիտություն (ըստ քրիստոնյա հեղինակ և ճարտասան Լակտանտիոսի): Կազմակերպված երկրպագում վերին կամ գերբնական ուժերին։

Կրոնը կարելի է դասակարգել.
1. տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության իշխող կրոններ (մոգություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ)
2. ազգային կամ մեկ էթնիկական կազմավորմանը վերաբերող կրոններ (հուդայականություն, հինդուիզմ, շայնիզմ)

3. համաշխարհային կրոններ (բուդդայականություն, քրիստոնեություն, իսլամ)։

Համաշխարհային կրոնների մասին՝ այստեղ:

Համաշխարհային կրոններ. տարբերություններ և նմանություններ:

Ուսումնասիրելով համաշխարհային կրոնները, հետաքրքիր էր կարդալ երեք ամենաազդեցիկ կրոնների միջև ընդհանրությունների և տարբերությունների մասին: Իմ պրպտումների արդյունքում գտա հետևյալ նյութերը, որոնք ներկայացնում եմ իմ խմբագրությամբ, բայց առանց մեկնաբանության: Քանի որ տվյալ նյութը հետաքրքիր է, տարբեր աղբյուրներից ուսումնասիրություններս կշարունակեմ նաև հետագայում:

Համաշխարհային կրոնների տարբերությունների և նմանությունների մասին՝ այստեղ:

Рубрика: Հասարակագիտություն

Ի՞նչ տեղեկություններ ունեք Հայաստանում ընտրությունների վերաբերյալ: Ինչ ընդհանրություններ և տարբերություններ կան մեր հանրապետությունում և այլ երկրներում տեղի ունեցող ընտրությունների միջև

Ընտրությունները ժամանակակից հասարակության կյանքում ունեն մեծ դերակատարում, նրանք են այսօր հանդիսանում քաղաքական իշխանության ձևավորման ամենակարևոր մեխանիզմը։ Բացի այդ, ընտրություններն են միակ օրինական ճանապարհը ինչպես իշխանության ձևավորման, այնպես էլ նրանց փոփոխելիությունը ապահովելու համար։ Ընտրությունները թույլ են տալիս պարբերաբար որոշել հասարակական տրամադրությունները և նախասիրությունները, որոշել հասարակության քաղաքական կամքը և ժողովրդին մասնակից դարձնել տվյալ երկրում ընթացող քաղաքական գործընթացներին։
Աղբյուրը՝ Վիքիպեդիա
Ծնողներիս հետ բազմիցս մասնակցել եմ Հայաստանում տեղի ունեցող գրեթե բոլոր՝ նախագահական, խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններին: Ամեն անգամ, մինչ ընտրությունները, համացանցով և ԶԼՄ-ներով հետևում էինք նախաընտրական տրամադրություններին, և ամեն անգամ մասնակցում՝ հույս ունենալով, որ գոնե այս անգամ արդար ընտրություններ տեղի կունենան ՀՀ-ում: Սակայն, դեռ ընտրությունների օրը չվերջացած, արդեն խորը հիասթափություն ենք ապրում, որ կրկին խաբվեցինք, կրկին անիմաստ պայքարեցինք: Միևնույն է, ՀՀ-ում հաղթում է միայն մեկ ուժ. դա իշխանամետ ուժն է, որն ունի անսահման հնարավորություններ՝ կաշառքի, կեղծիքի, վախեցնելու և ստիպելու ուժը կիրառելով նորից ու նորից իշխանության գալ: ՀՀ-ում այնքան հեշտությամբ են մարդկանց «համոզելով կաշառում», որ անգամ ընտրակաշառք վերցնող մասսային պետք չէ փնտրել և գտնել, նրանք անձամբ են ներկայանում ընտրակաշառք մուրալու: Եվ այդպես, այդ չարաբաստիկ «ընտրակաշառվողների» պատճառով, մենք կրկին ապրում ենք այն երկրում, որը եղել էր մինչ ընտրությունները, և էլի ոչինչ չի փոխվում: Օրեցօր ավելացող թանկացումներ, ծանր սոցիալական վիճակ, գործազրկություն և այլն, և այս ամենում ես մեղադրում եմ այն դավաճաններին, ովքեր 5-10 հազար դրամի համար վաճառում են իրենց ձայները, իսկ մենք՝ դրա հետևանքում ստիպված ապրում ենք այս դժվար պայմաններում:
Մեր այսօրվա առաջադրանքի թեման էր. ինչ ընդհանրություններ և տարբերություններ կան մեր հանրապետությունում և այլ երկրներում տեղի ունեցող ընտրությունների միջև:
Ցավոք սրտի, ՀՀ-ում և այլ երկրներում ընտրությունների միջև ոչ մի ընդհանրություններ չեմ կարող նշել, քանի որ ՀՀ-ում տեղի ունեցող ընտրությունները ոչ մի ընտրությունների նման չեն, թեև միջազգային դիտորդները արձանագրում են, որ «թափանցիկ ընտրություններ» են տեղի ունեցել, այնուամենայնիվ, նրանք չեն տեսնում, թե ինչ է տեղի ունենում ընտրությունների նախորդ օրը, երբ թաղերում մարդիկ հերթ են կանգնում իրենց ընտրակաշառքը վերցնելու համար:
Մենք տեսնում ենք նաև Եվրոպական երկրների ընտրությունները, թե ինչքան ազնիվ և դեմոկրատական են տեղի ունենում, թե գործող նախագահը ինչ հանգիստ և ուրախ իր իշխանությունը հանձնում է արդար ճանապարհով ընտրված հաջորդ նախագահին:
Մենք այս տարի տեսանք նաև ԱՄՆ-ում տեղի ունեցող նախագահական ընտրությունները: Մարդկանց դժգոհ բազմությունները, ովքեր փողոցներ էին դուրս եկել, մի պահ ինձ հիշեցրեց ՀՀ-ում տեղի ունեցող ընտրությունները, երբ անարդարությունից դժգոհ մարդիկ փողոց են դուրս գալիս, բայց միևնույն է նրանց ձայնը անտեսվում է, և էլի իշխում է այն մարդը կամ կուսակցությունը, որը պետք է հաղթեր ի սկզբանե:

Рубрика: Français

Նամակ Ձմեռ Պապին / Lettre au Père Noël

Բարև  սիրելի Ձմեռ Պապ:
Իմ անունը Դավիթ է, ես 13 տարեկան եմ, ես ապրում եմ Հայաստանում: Այս տարի ոչինչ չեմ ուզում, միայն խնդրում եմ երջանկություն պարգևիր ընտանիքիս:
Image result for christmas
Bonjour Cher Père Noël!
Je suis David, j’ai 13 ans, j’habite en Arménie. Cette année, je ne veux rien, seulement s’il vous plaît offrez à ma famille le bonheur.
Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն, Ստեղծագործական

«Ամանորի հրաշքը իրական լիներ»

Դեկտեմբերի 4-ն է, Ամանորին մնացել է ուղիղ 26 օր: Շատ եմ սիրում Ամանորը, հենց միայն այն պատճառով, որ Ամանորին հրաշքներ են տեղի ունենում: Իսկ ի՞նչ հրաշք:
Բոլորն այդքան սպասում, երազում են, որ գա Ամանորը, որ կատարվե՜ն իրենց երազանքները, բայց… Մի քանիսի կյանքում հրաշքներ թվում է, թե կատարվել են, մյուսներինը՝ ոչ:
Ցավալի է: Բայց ի՞նչն է ցավալի: Այն, որ հրաշք չի՞ լինում: Ո՜չ, դրա հետ չեմ: Նկատի ունեմ այն, որ մարդիկ մինչև հիմա չեն հասկացել Ամանորի իրական հրաշքի էությունը:
Ճիշտ է, կարող է մի քիչ տարօրինակ թվալ ասածս, բայց հիմա ես իմ ընթերցողներին կպատմեմ մի պատմություն, որը կարդալուց հետո, դուք հաստատ կհասկանաք, թե ինչն եմ համարում իրական հրաշք …

Ձմեռ էր, ցո՜ւրտ ձմեռ: Ծառերը մերկ, այգիները սառցակալած, օդը ցրտաշունչ …
Կենտրոնական փողոցներով մարդկանց բազմությունն այստեղից այնտեղ էր տեղաշարժվում: Դեկտեմբերի 30-ն էր՝ Ամանորի նախօրեն: Բոլորը զբաղված էին գնումներով: Բայց այդ ամբոխի մեջ առանձնանում էր մի տղա՝ մոլորված, մրսած, տխուր տեսքով ու դանդաղ քայլքով: Երևում էր՝ մտածմունքների մեջ է: Ինձ հետաքրքրեց, թե ինչու է այդ տղան դեկտեմբերյան այդ ցրտին ընդամենը մեկ վերնաշապիկով դրսում մոլորված քայլում: Մոտեցա նրան, հարցրի անունը.
— Անունս Ջիմ է, — պատասխանեց նա, — տուն չունեմ, ընտանիք չունեմ, այդ պատճառով էլ դրսում եմ հայտնվել:
Ես նրան առաջարկեցի մեկ բաժակ տաք շոկոլադ խմել դիմացի սրճարանում, և նա ուրախ համաձայնվեց․ կարծես ընկերական զրույցի նման առաջարկին վաղուց էր սպասում: Մի գավաթ տաք շոկոլադի շուրջ  սկսվեց մեր հաճելի ծանոթությունը, ես պատմեցի իմ կյանքի մասին, նա՝ իր… Նա ընդամենը ինը տարեկան էր: Պարզվեց՝ դժվար մանկություն է ունեցել: Չէր հիշում, թե ոնց, բայց իր կյանքը սկսվել էր փողոցից: Նա ինձ պատմեց, որ ինքն հիշում է միայն, որ մեծացել է փողոցում իր տարիքի երեխաների հետ, ովքեր նույնպես անտուն էին: Հետո, ժամանակի ընթացքում, նրանցից ոմանք հեռացել են, բաժանվել են միմյանցից, և, ահա, մնացել է միայն Ջիմը: Նա իր ամենօրյա հացը վաստակում էր՝ տարբեր ծանր և «դառը» աշխատանքներ կատարելով…
Ինձ այդ ամենը շատ տխրեցրեց, և ես նրա տրամադրությունը բարձրացնելու համար առաջարկեցի գնալ մեր տուն: Ջիմը շոկի մեջ էր: Ես նրան տարա տուն, մի լավ լողացրի, ապա, քչփորելով բոլոր դարակներս, հազիվ գտա իր հագով մեկ-երկու վերնաշապիկ և սվիտեր: Քանի որ նրան դեռ տաբատ և կոշիկ էր հարկավոր, ես նրան առաջարկեցի մնալ մի քանի օրով իմ տանը (հաստատ չէի թողնի այդ անմեղ տղային դրսում մրսեր): 
Մենք մի կտոր հաց կերանք, ապա դուրս եկանք․ գնացինք տարբեր խանութներ, ես նրա համար գնեցի տաքուկ կոշիկներ և նոր տաբատ: Նա անչափ ուրախացավ: Ապա մենք գնումներ կատարեցինք գալիք Ամանորի համար և վերադարձանք տուն:
Ահա և եկավ Ամանորը: Ուղիղ 00:00- ին, երբ դրսում սկսեց հրավառությունը, իսկ զանգերը ղողանջեցին, նա սկսեց լաց լինել..․ Չէր հավատում, որ այդ ամենը իրական էր: Նա խոստովանեց, որ կյանքում դեռ այդպիսի Ամանոր չէր ունեցել․ և ամեն տարի նա սպասում էր այդ Ամանորյա հրաշքին, բայց այն այդպես էլ չէր կատարվում: 
— Իսկ ո՞րն է այդ հրաշքը, քո կարծիքով, — հարցրի ես:
— Ես միշտ երազել եմ ընտանիք ունենալ, միայնակ չլինել, Ամանորը դիմավորել ինձ հարազատ մարդու հետ, հենց դա է հրաշքն ինձ համար, — արցունքները սրբելով՝ ասաց նա:
— Դե ինչ, — ասացի ես, — քո հրաշքը իրականացավ: Այժմ ես՝ որպես ավագ եղբայր, կլինեմ քո ընտանիքը: Ու խոսք եմ տալիս, որ միշտ կողքիդ կլինեմ: 
Նա զարմացավ և նորից հուզվեց…
Անցան երկար տարիներ, մենք արդեն մի ընտանիք էինք: Ապրում էինք միասին համերաշխ և միշտ ուրախ…

24740787_1505544546160294_984918670_n

Ահա, սա էր իմ պատմությունը: Ամանոր… Արդեն հասկանալի՞ է: Ինձ թվում է, որ այդքանից հետո ընթերցողները կգիտակցեն, որ Ամանորի իրական հրաշքն այն է, որ Ամանորին դու միայնակ չես: Ունես քեզ հարազատ և սիրող մարդիկ, շրջապատված ես նրանցով և քեզ անսահման երջանիկ ես զգում:
Այ քեզ հրա՜շք Ամանո՜րրր…

24581236_1505544526160296_1275920198_n

Հեղինակ՝ Դավիթ Առաքելյան