Рубрика: Ճամփորդություններ, Ստեղծագործական

Գնացի, հաղթեցի, եկա…

Դեկտեմբերի 11-ի երեկոյան հասանք Թբիլիսի: Իսկ հաջորդ օրն առավոտյան, Ռուսթավելի փողոցով քայլեցինք դեպի Թբիլիսիի կոնսերվատորիայի շենք, որտեղ պետք է տեղի ունենար «Թբիլիսիի կիթառի միջազգային մրցույթ-փառատոնը»: Շատ լարված էինք, բայց միևնույն ժամանակ հպարտ, քանի որ եկել էր այն օրը, որ պետք է ցույց տայինք մեր համառ և նպատակաուղված պարապմունքների արդյունքը: Այն օրն էր, որ պիտի գնայինք ու հաղթեինք…
Մտնելով կոնսերվատորիայի շենք, մարմնովս սարսուռ անցավ: Անցանք դահլիճ, և իմ լարվածությունը լիովին չքացավ, քանի որ տեսա ուրախ դեմքեր, ովքեր ինձ էին նայում, և կարծես ասում էին. «Դե՛, քեզ տեսնենք, առա՜ջ»:
Մեկ-երկու րոպե ստեղծագործություններս վերհիշելուց հետո, եկավ իմ հերթը…
Իհարկե, ներսումս վախ կար, բայց ես այն հաղթահարեցի հենց իմ երաժշտությամբ:
Երբ ավարտեցի, շատ հուզված էի: Վերջապե՜ս, վերջապես ես արեցի այդ:
Հպարտ-հպարտ, մենք վերադարձանք տուն, բայց այսքանով էլ չսահմանափակվեց իմ ուրախությունը: Մյուս օրը ուսուցիչս հայտնեց, որ պետք է գալա համերգին նվագեմ, իսկ դա նշանակում էր, որ ինձ ընտրել են, որ ուզում են կրկին լսել իմ կատարումը:
Իսկ մինչ այդ, իմ օրը բաղկացած էր երկու բաժնից: Գիշերն ու ցերե՞կը: Ո՜չ. Ֆերնանդո Սոր, և Յոհան Սեբաստիան Բախ…
Պարապել, պարապել, և անընդհատ պարապել: Ահա այն, ինչ ես անում էի առավոտից մինչ ուշ գիշեր:

Չնկատեցի էլ նույնիսկ, թե ինչպես եկավ Դեկտեմբերի 15-ը: Երեկոյան ժամը 7-ին մեզ սպասում էր մի գեղեցիկ և մեծ դահլիճ, որտեղ պետք է նվագեինք: Բացելով դռները, ես զարմացա: Դահլիճն իրոք շատ մեծ էր, բայց միևնույն ժամանակ շատ շքեղ և ոգեշնչող: Ես հանեցի կիթառը և սկսեցի «մատները բացել»: Մասնակիցները հերթով գնում, նստում, նվագում էին, իսկ ես սպասում էի… Չհասցրեցի երկար սպասել, երբ վերջապես հնչեց իմ անունը:
Մոտեցա աթոռին, դրեցի ոտնակս, կիթառը՝ ծնկներիս, մնում էր միայն երաժշտությունը…  Լսեցի այդ հրաշքը. կիթառից դուրս եկող ձայնն աննկարագրելիորեն արձագանքում էր, և դահլիճը լցնում 18-րդ դարի ոգով: Նվագեցի մեկ շնչով, ինքս էլ կախարդված իմ կատարումի հնչողությամբ: Ծափահարություններից հասկացա, որ հանդիսատեսը տպավորված է…
Մեր պատվիրակության գեղեցիկ ելույթներից հետո, սկսվեց մրցանակաբաշխությունը: Ամենքս էլ մեր տարիքային խմբերում զբաղացրել էինք առաջնային դիրքեր:
Իմ դեպքում ասեմ, որ գրավել եմ իմ տարիքային խմբում առաջին տեղը, և բացի այդ շահել եմ հնարավորություն՝ նվագել սիմֆոնիկ նվագախմբի հետ:
Թբիլիսին կսպասի ինձ նաև հաջորդ տարի:

Оставьте комментарий