Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն, Ուսուցողական, Ստեղծագործական

Հավատարիմ ընկերը լինում է․․․

Մեր ժամանակաշրջանում ընկեր բառը դարձել է շատ արդիական, կիրառվող, շահարկվող: Յուրաքանչյուր մարդ կարող է նշել, թե որքան շատ ընկերներ ունի սոցիալական ցանցում, և հպարտանալ դրանով: Սակայն ամենակարևորը կարող ենք մոռանալ, թե այդքան շատ ընկերներից, ով է արդյոք իրական, իսկական, ոչ վիրտուալ ընկեր: Ո՞վ է արդյոք քեզ ճանաչում և ընդունում այնպիսին, ինչպիսին որ կաս: Ո՞վ է պատրաստ քո դժվար պահին քո կողքին լինել, կիսել անհանգստությունդ, ուրախությունդ, հաջողություններիդ հրճվանքը: Երբեմն մենք մտածում ենք, թե ինչպիսի ընկեր ենք ուզում ունենալ, բայց հաճախ մոռանում ենք, թե ինչպիսի ընկեր ենք մենք ինքներս: Արդյո՞ք հավատարիմ ենք, արդյո՞ք տալիս ենք մեր ընկերոջը այն, ինչ մենք ենք նրանից ակնկալում: Նույնիսկ Եվրիպիդեսն է ասել, որ «Ճշմարիտ ընկերների ամեն ինչն ընդհանուր է»: Այսինքն, իրական և ճշմարիտ ընկերները պետք է ուրախանան և տխրեն միաժամանակ, հաղթանակեն և պարտվեն միասին, իրենց մի կտոր հացն անգամ կիսեն միմյանց միջև: Անգնահատելի է ընկերոջ հավատարմությունը, հատկապես, երբ այդ «մի կտոր հացը» կիսել և կերել ենք միասին, և ուրեմն այլևս դավաճանության մասին խոսք գնալ չի կարող: Ես կարծում եմ, որ ունեմ լավ ընկեր և ընկերներ: Փորձում եմ ինքս էլ լավ ու հավատարիմ ընկեր լինել, որպեսզի երբևէ կասկած չլինի դրանում՝ ես հավատարիմ ընկեր եմ։