Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն

Հովհաննես Թումանյան «Իմ ընկեր Նեսոն» | Վերլուծություն

Պատմվածքում հեղինակը՝ գլխավոր հերոսը նկարագրում է, որ նա ժամանակին ապրել է մի գյուղում, որտեղ ունեցել է շատ ընկերներ։ Այդ գյուղում չի եղել ոչ ուսումնարան, և ոչ էլ դպրոց։ Եվ այդ պատճառով գյուղացի երեխաներն իրենց ամբողջ մանկությունն անցկացրել են միմյանց հետ՝ բակում թափառելով, խաղալով և այլն։ Նրանք միշտ գիշերները հավաքվում էին, նստում և պատմում միմյանց հեքիաթներ։ Ամենալավ հեքիաթասացը նրանց ընկեր Նեսոն էր, քանի որ նա բոլորից շատ գիտեր հեքիաթներ։
Բայց, մի օր այդ գյուղում բացվում է ուսումնարան, որտեղ մի վարժապետ ուսուցանում է երեխաներին։ Հեղինակը ընդունվում է, բայց իր ընկերների ընտանիքները չեն կարողանում տարեկան երեք ռուբլի վճարել, որպեսզի իրենց երեխաներն էլ սովորեն այդ ուսումնարանում։ Եվ այդ ժամանակ հեղինակը հասկանում է, թե ով է աղքատը, և ով՝ հարուստը։ Բայց միևնույն է, նա շարունակում է ընկերություն անել իր հավատարիմ ընկերների հետ։
Որոշ ժամանակ անց, նրա հայրն իրեն տանում է իրենց գյուղի մոտակայքում գտնվող գյուղաքաղաքը։ Ընկերների միջև հարաբերությունները գնալով հեռանում են, այնուհետև նա մեկնում է քաղաքի ուսումնարան։
Մի օր քաղաք գնալուց այնպես է ստացվում, որ նա պետք է հեծներ Նեսոյի ձին, իսկ Նեսոն պետք է ձիու կողքով ոտքով քայլեր։ Նա ամաչում է և իջնում ձիուց, որպեսզի քայլի Նեսոյի հետ։ Հասնելուն պես Նեսոյին գումար է տալիս։
Մի անգամ հեղինակը որոշում է վերադառնալ իր գյուղը։ Այնտեղ՝ գյուղամիջում տեսնում է Նեսոյին, կապկպված։ Մյուս գյուղացիները դատում էին նրան, քարկոծում և մեղադրում, ասելով, որ նա գողություն է կատարել։ Հեղինակը գումար է տալիս տուժածին և ազատ արձակում Նեսոյին։ Իրենց գյուղում սովորական էր գողություն անելը, բայց մեր Նեսոն․․․

Այս պատմվածքում Թումանյանը շատ ճիշտ է նկարագրում «հարուստին և աղքատին»։ Իրականում, մարդը մինչ մեծանալը, չի գիտակցում հարուստի և աղքատի հարաբերությունները։ Նույն Նեսոն և հեղինակը՝ մինչ ուսումնարանի բացվելը, նրանք նույնիսկ գաղափար չունեյին, թե նրանցից որևէ մեկը հարուստ է, մյուսը՝ աղքատ։
Երբ նրանք երեխաներ էին, չէին գիտակցում, որ նրանց մեջ հարուստի և աղքատի տարբերություն կա։ Բայց նրանք մեծացան, և իվերջո հասկացան այդ դաժան իրականությունը, այդ դաժան երեք ռուբլին․․․
Իմ շրջապատում կան տարբեր երեխաներ և մեծահասակներ։ Նրանցից մի մասը հարուստ է, մյուս մասը՝ աղքատ։ Բայց ինձ երբեք չի հետաքրքրել, և չի էլ հետաքրքրի այն միտքը, որ մեր միջև ունևորի և չունևորի տարբերություն կա։ Ես շփվում ընկերություն եմ անում այն մարդկանց հետ, որոնք ինձ դուր են գալիս, որոնք հավատարիմ և լավ ընկեր են ինձ համար, որոնք ինձ հարազատ են։ Ես մարդկանց չեմ գնահատում և դասակարգում ըստ իրենց կարողությունների կամ ունեցվածքի։ Ինչպես նաև չեմ ցանկանա, որ որևէ մեկն ինձ գնահատի և դասակարգի։ Մարդու մեջ ինձ համար ամենակարևորը հավատարմությունն է և ազնվությունը։

Պատմվածքը՝ այստեղ։

Оставьте комментарий